ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կրթօջախը` հաշվեհարդարի բույն

Կրթօջախը` հաշվեհարդարի բույն
07.12.2012 | 12:14

Օրեր հետո` դեկտեմբերի 14-ին, Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում կանցկացվեն տնօրենի ընտրություններ։ Այս պատվավոր և պատասխանատու պաշտոնին հավակնում է տնօրենի պաշտոնակատար, նախկին տնօրեն, վաղամեռիկ Նարեկ Առուշանյանի այրին` կիբեռնետիկ և ազգագրագետ Աննա Մնացականյանը, ով, շատերի համար անսպասելի, նշանակվեց այս պաշտոնում սկեսրոջ, ՀՅԴ անդամ, գրող և հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի եռանդագին ջանքերով, արդեն հասցրել է (ընդամենը մեկ ամսում) շատ ջրեր պղտորել։ Մասնավորապես, աշխատանքից, առանց քիչ թե շատ հիմնավոր պատճառաբանության, ազատել է ուսմասվարի տեղակալ Մարինե Գևորգյանին (ով երկու անչափահաս երեխաների մայր է), վարչական տույժերի ենթարկել մի քանի դասախոսների, այդ թվում` Լաուրա Սուքիասյանին։ Այսօր որևէ կասկած չկա, որ կրթօջախում վերջին տարիներին կառավարում է Ալվարդ Պետրոսյանը, ով իր գործն առաջ տանելու համար բավականին գործուն հնարք է կիրառում, կորզում է հանրապետության բարձրագույն ղեկավարության բարեհաճությունը և իր կամքը պարտադրում հանրապետության գիտության և կրթության նախարարությանը։ Այս հնարքով նրան հաջողվեց «գահընկեց» անել ՀՀ ԿԳ նախարարության նշանակած թեկնածուին` թերլեմեզյանական Գևորգ Սողոմոնյանին։ Այս տիկնոջ գործողությունները միարժեքորեն բացասական են գնահատել արվեստասեր հասարակությունը, ՀՅԴ-ն, Թերլեմեզյանի սովորողներն ու դասախոսները։ Հասարակության տագնապներն ամենևին էլ անտեղի չեն, խնդիրը չափազանց վտանգահարույց է` նշանավոր կրթօջախը դարձել է Ալվարդ Պետրոսյանի հավակնությունների թիրախը։
Վերջերս հարյուրից ավելի թերլեմեզյանականներ, ուսանողներ, դասախոսներ, կրթօջախը վաղուց ավարտած, սակայն նրա ավանդույթներին մշտապես հավատարիմ Հայաստանի ժողովրդական նկարիչներ Արա Շիրազը, Ռուբեն Ադալյանը, վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` պաշտպանելով Դավիթ Դավթյանի թեկնածությունը (հավելենք, որ Հայաստանի ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն օրեր առաջ խոստացել էր միանալ բաց նամակին, սակայն հետո հրաժարվել է ուղերձի տակ ստորագրելուց, ավելին` քայլարշավում է ՀՀ ԿԳ նախարարություն և տեղեկացնում «ամբարիշտների» մտադրության մասին)։ Զուգահեռաբար շրջանառվում են տարբեր լուրեր։ Մասնավորապես, որ Ալվարդ Պետրոսյանի ընտանիքի սեփականությունն է Թերլեմեզյանի նախկին շենքի տեղում (Լեոյի փողոց) կառուցված էլիտար բարձրահարկում 200 քմ բնակմակերեսը, որ կրթօջախի ձուլարանը ևս ծառայել է սույն ընտանիքին։ Նաև լուր է շրջանառվում, որ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի խորհուրդը, որը դեկտեմբերի 14-ին պիտի ընտրություն կատարի Աննա Մնացականյանի և Դավիթ Դավթյանի միջև (առայժմ այլ թեկնածուներ չեն առաջադրվել), գտնվում է գիտության և կրթության նախարարության մամլիչի տակ, որի պահանջը մեկն է` պետք է ընտրվի Աննա Մնացականյանը։
Թերևս տեղին է հիշեցնել, որ բողոքելով Աննա Մնացականյանի կամայականությունների դեմ, Լաուրա Սուքիասյանը հայցով դիմել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։
Ի դեպ, առաջին նիստը ևս նշանակված է դեկտեմբերի 14-ին։
Այսպիսով, այնքան էական չէ, թե ով կընտրվի տնօրեն, որքան այն, թե ով կամ ովքեր են եղանակ պատվիրում հանրապետությունում և, մասնավորապես, կրթության և գիտության նախարարությունում։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1986

Մեկնաբանություններ